AM
10 Հոկտեմբեր 2012 - 06:00 AMT

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ԲՀԿ-ին չորս պորտֆելից ավել տալ

«Հրապարակ» թերթը գրում է, որ որքան էլ ԲՀԿ-ն փորձում էր խոսել կառավարության երեսուն տոկոսի, նախարարական վեց պորտֆելների, ինչպես նաև վարչապետի պաշտոնն իրենով անելու և այդ ամենի դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրանց չորս պորտֆելից ավել տալ: Ըստ նույն աղբյուրների՝ մինչև հիմա նախագահը պատրաստ էր Գագիկ Ծառուկյանին կամ նրա թիմակիցներից որևէ մեկին առաջարկել փոխվարչապետի պորտֆելը ևս:

Բանն այն է, որ թերթի աղբյուրները չեն բացառում նախագահական ընտրություններին զուգահեռ՝ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որով Հայաստանը սահուն անցում կկատարեր վարչապետական կառավարման համակարգին, ինչպես արեց Վրաստանը:

Սակայն թե այս, թե վերը նշվածների առումով նախագահականի, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այս օրերին լիովին փոխվել է: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների մասով ժամանակային խնդիրները կարող են պատճառ լինել, ապա Ծառուկյանի պահվածքը, խուսափողական ծեքծեքումները, ժամանակ շահելու մարտավարությունը ձանձրացրել է «սպասող կողմին», որտեղ սատարելու հարցի առնչությամբ ասվել է՝ հլը տես ես ուզո՞ւմ եմ, որ ինքն իմ կողքը կանգնի: