«Արձանագրությունները նույն վիճակում են, ինչ որ 3 տարի առաջ: Կան, չեն մահացել, իրավական ուժը չեն կորցրել: Սա նաև թուրքական կողմի կարծիքն է»,- արձանագրությունների ստորագրման 3 տարին լրանալու առիթով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ 3 տարի անց էլ Դաշնակցությունը չի փոխել իր դիրքորոշումը:
«Մենք դեմ էինք դրանց ստորագրմանը, փաստաթղթերի որակին: Անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը: Այս դրությամբ մենք ոչ միայն ոչինչ չենք շահում, դեռ Թուրքիան էլ օգուտ է ստանում՝ չտալով ոչինչ, մասնավորապես, հնարավորություն ստացավ դանդաղեցնել Ցեղասպանությսն ճանաչման և հատուցման գործընթացը», – ասաց Կիրո Մանոյանը: Նա վստահեցրեց , որ մինչև նախագահական ընտրություներ այդպիսի բան չի լինի: Նրա խոսքով Հայաստանի իշխանություններին պետք են այդ ստորագրությունները՝ միջազգային հարթակներում լավ գործընկեր ընկալվելու համար:
Կիրո Մանոյանը նաև նախագահի խոսքը հիշեցրեց՝ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի, Հայաստանը ստորագրությունները հետ կվերցնի:
«Տարածաշրջանի կայունությանը ստորագրությունների հետ վերցնելը չի վնասի: Դա միայն ցույց կտա, որ Հայաստանը, բոլորի նման, իր շահերով է առաջնորդվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կնքվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն դրանք այդպես էլ չեն վավերացվել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:






