AM
10 Հոկտեմբեր 2012 - 10:32 AMT

Դավիթ Ջամալյան. Եթե ցանկանում ես կանխել պատերազմը, պետք է պատրաստ լինես դրան

Հայաստանում ընթացող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները կարևոր իրադարձություն են երկրի ռազմական-քաղաքական կյանքում և բարձրացնում են Հայաստանի Զինված ուժերի պատրաստվածությունը մեծ պատերազմի: «Եթե ցանկանում ես կանխել մեծ պատերազմը, ապա պետք է պատրաստ լինես դրան»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով, հենց այդ նպատակով էլ անցկացվել է ՀՀ ԶՈՒ մոբիլիզացիոն ռեզերվի հավաք: «Ավելի լավ է մոբիլիզացիոն պահեստային ուժեր հավաքագրե խաղաղ ժամանակ, քան ռազմական»,- նշել է նա:

Ջամալյանը նաև նշել է, որ չեն հաստատվել հասարակության մեջ պտտվող այն լուրերը, որ պահեստայինների հավաքը պատերազմի նախապատրաստություն է: Դրա հետ կապված նա նշել է, որ անհրաժեշտ է ավելի լավ տեղեկացնել բնակչությանը, ամրապնդել ՊՆ-հասարակություն կապը, որպեսզի կանխվեն հայ հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու և խուճապ առաջացնելու փորձերը: