«Վերադարձի փառատոնի» շրջանակում վաղը Կամերային երաժշտռության տանը կայանալիք համերգը կնվիրվի Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարիամ Շահինյանը. «Էդվրադ Միրզոյանի մահը մեծ կորուստ էր մեզ համար, քանի որ նա փառատոնի ակունքներում էր կանգնած, ուստի մենք չէին կարող փառատոնի ընթացքում մեր հարգանքի տուրքը չմատուցել նրա վառ հիշատակին»:
Մարիամ Շահինյանը տեղեկացրեց, որ համերգին ելույթ կունենա «Ֆրատրես» տրիոն, որի կազմում հանդես կգան սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը, ջութակահար Ֆեոդոր Ռուդինը և դաշնակահար Ռուդոլֆս Սվանգսը:
Ինչպես նշեց տրիոյի անդամ Հայրապետ Առաքելյանը՝ իրենք սովորում և ապրում են Գերմանիայում, իսկ տրիոն կազմավորվել է այս տարի:
Հոկտեմբերի 16-ին, փառատոնի շրջանակում, Կամերայի երաժշտության տանը տեղի կունենա ևս մեկ համերգ: Ելույթ կունենան թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից և դաշնակահար Մարիաննա Շիրինյանը Դանիայից:
Հախնազարյանն իր խոսքում նշեց, որ ինքը և Մարիաննան միասին սովորել են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որից հետո միշտ ցանկություն են ունեցել համատեղ ելույթ ունենալ. «Շնորհակալ ենք «Վերադարձի փառատոնի» կազմակերպչներին՝ մեզ այդ համատեղ ելույթի հնարավորությունն ընձեռելու համար»:
Մարիամ Շահինյանը անդրադարձավ նաև հոկտեմբերի 18-ին ծրագրված«Արամ Խաչատրյան» մրցույթ-վերադարձ համերգին, որը պիտի տեղի ունենար Հայաստանի երիտասարդական նվագախմբի և Ֆեոդոր Ռուդինի ու Հայրապետ Առաքելյանի մասնակցությամբ . «Համերգը տեղի չի ունենա, քանի որ նվագախումբը լարցուցիչ պահանջներ է ներկայացրել փառատոնի կազմակերպիչներին, որոնք մենք չկարողացանք բավարարել»:






