Երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» ֆիլմը կմասնակցի կանադական «Նուռ» կինոփառատոնին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսորը, նշելով, որ սա իր առաջին լուրջ աշխատանքն է:
Նա վերջերս է վերադարձել Յալթայից, որտեղ «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումում արժանացել է մրցանակի: Ֆիլմը ցուցադրվելու է նաև «Կինոաշուն» ծրագրի շրջանակում Երևանի բուհերում:
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Մարգար պապի տունը հայտնվել է սահմանի մի կողմում, արտաքնոցը` մյուս: Նա ամեն անգամ այնտեղ գնալու համար խախտում է պետական սահմանը: Պապիկը համառորեն չի ցանկանում իր սահմանին նոր արտաքնոց կառուցել, որովհետև նա իր հողն է պաշտպանում և հարցն արտաքնոցի մեջ չէ: Արդյունքում նա հասնում է իր ուզածին:
Ֆիլմի հերոսի նախատիպը Վրաստանի Մարնեուլիի շրջանի Խոժոռնի գյուղի բնակիչ Մակար պապն է:
Ֆիլմը նկարահանվել է Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում: Այն մասնակցել է մեկ տասնյակ կինոփառատոների և վերադարձել պատվոգրերով:






