Հոկտեմբերի 9-ից Լիտվայում անցկացվում է Atspindys մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոն, որին մասնակցում է նաև Հայաստանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀԹԳՄ մամուլի պատասխանատու Վլադ Մուրադյանը:
Հայաստանի պատվիրակության կազմում են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը` «Ես կորցրել եմ ձայնս» և Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը` «Հնագույն մասնագիտություն» մենաներկայացումներով: Լիտվայի Վիլնյուս, Կաունաս, Վիսագինաս քաղաքներում կանցկացվեն «Հայկական թատրոնի օրեր»:
2012 թվականի փետրվարի 29–ից մարտի 5 –ը Երևանում կայացած «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ` հոբելյանական փառատոնին մասնակցեց Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիդաս Ստանպոնկուսի: Պատվիրակության կազմում էին նաև Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր Նոմեդա Զենկենեն և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը: