Ադրբեջանական կողմը կամ չի հետեւում լրատվությանը, կամ էլ չի խորանում հաղորդած նյութի մեջ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունն այն մասին, թե «ադրբեջանցիների համար անընդունելի է Հայաստանի ներկայիս նախագահի այցը Բաքու, քանի որ նա անմիջականորեն մասնակցել է ադրբեջանական հողերի օկուպացմանը»: ՀՀ ԱԳՆ խոսնակի խոսքերով` որեւէ մեկի կողմից խոսք չի եղել նախագահների մակարդակով Բաքվում ինչ-որ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: «Խոսքը գնացել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի առաջարկության մասին` կազմակերպել Հարավային Կովկասի երկրների եւ Ֆրանսիայի խորհրդարանների խոսնակների հերթական հանդիպումը Բաքվում, այնուհետեւ` Երեւանում, քանի որ նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել Փարիզում եւ Թբիլիսիում»,- ընդգծել է նա: «Իսկ առիթն օգտագործել եւ նման արտահայտություններ թույլ տալ մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին, կարծում եմ, չի պատշաճում արտաքին գործերի նախարարին», – եզրափակել է Ձ. Աղաջանյանը: