AM
11 October 2012 - 08:17 AMT

Հայ և իտալացի մասնագետները կհամագործակցեն ձեռագրերի պահպանման ոլորտում

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև մշակույթի բնագավառում համագործակցության շրջանակում 2012 թ. հոկտեմբերի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում` «Մատենադարան» տեղի կունենա Հռոմի Արխիվային և գրքային ժառանգության վերականգնման և պահպանման կենտրոնական ինստիտուտի (ԱԳԺՎՊԿԻ) և գիտահետազոտական ինստիտուտի միջև ձեռագրական, արխիվային և գրքային ժառանգության պահմանման բնագավառում համագործակցության պայմանագրի կնքման արարողությունը:

Պայմանագրով համագործակցությունն իրականացվելու է հետևյալ բնագավառներում`

1. Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման բնագավառում փորձի, նյութերի, տեղեկատվության և մեթոդոլոգիայի փոխանակում, 2. երկու հաստատությունների աշխատակիցների և մասնագետների հանդիպումների և փոխայցելությունների կազմակերպում, 3. ԱԳԺՎՊԿԻ մասնագետների ներգրավվածություն Մատենադարանի վերականգնողական աշխատանքների մեջ, 4. Հայ ուսանողների ներառում ԱԳԺՎՊԿԻ-ի Մշակութային առարկաների պահպանման և վերականգնման մագիստրական դասընթացներում (հնգամյա):

Պայմանագրի կնքման նպատակով Երևան է ժամանել ԱԳԺՎՊԿԻ տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտին:

Արարողությանը ներկա են գտնվելու Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանում Իտալիայի դեսպանը, ՀՀ մշակույթի նախարարության և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը: