Հայաստանը հոկտեմբերի 10-14-ը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այն կրկին իր ցուցադրական տարածքում կհամախմբի աշխարհի խոշորագույն հրատարակչական ընկերություններին, տարբեր երկրների տպագրական մշակույթի ներկայացուցիչներին ու պատվիրակություններին: Ինչպես հայտնում է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները համակարգող գրասենյակի մամուլի բաժինը, Հայաստանն այս տարի մասնակցում է երկու `երկիրը ներկայացնող հիմնական և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տաղավարներով:
Հայկական տաղավարը եվրոպացի ընթերցողներին ներկայացնելու է նոր գրահրատարակչական ծրագրերի ու նորատիպ գրքերի շնորհանդեսների հագեցած ծրագիր:
Այսուհետև ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ ցուցահանդեսի տնօրինությունն անվճար տաղավար է հատկացնելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը կրող բոլոր քաղաքներին, որի պատվին առաջինն արժանացել է Երևանը: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը բազմաբնույթ միջոցառումներով ու շնորհանդեսներով կնպաստի հայ գրքի քարոզչությանը: Տոնավաճառի այցելուների գնահատմանը կներկայացվի վերջին տարիներին Հայաստանում և առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը: Տեղի կունենա առանձին միջոցառում «Ժամանակակից գրականությունը Հայաստանում և հայերի մասին» խորագրով, որում, ի թիվս այլ գրքերի, կներկայացվի հայ-գերմանական համագործակցության արդյունքը` «Արդի հայ պոեզիա» գերմաներեն և «Վերջապես անցան սառը օրերը» հայերեն-գերմաներեն ժողովածուները, «Արդի հայ պոեզիա» ֆրանսերեն և «Արդի հայ արձակ» անգլերեն ժողովածուները, ինչպես նաև` Արցախի պատմությունն ու մշակութային համապատկերը ներկայացնող նոր հրատարակությունները, այդ թվում Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն պատկերագիրքն և «Արցախ` հայ արվեստի ու ավանդույթների պարտեզ» երկլեզու (ֆրանսերեն, անգլերեն) գիրքը: Միջոցառմանը կմասնակցի նաև Գերմանիայի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. իրականացվող միջոցառումներ և հրատարակվող գրքեր» միջոցառման ընթացքում կներկայացվեն «Գրական տապան» հայաստանյան գրական փառատոնն ու City Books նախագիծը: Տաղավարում բացառիկ նորույթ կլինի «Տես քեզ հայերեն» նախագծի ներկայացումը: Այն ուղղված է հայերեն այբուբենի հանրայնացմանը և հայերեն տարբեր տառատեսակների օգտագործմամբ պատկերում է հայ և այլազգի հայտնի մարդկանց դեմքերը:






