«Gli Sbandieratori di Arezzo» իտալացի դրոշակակիրների ֆոլկլորային խումբը ելույթ է ունենում Հայաստանի քաղաքներում: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, Առեցո դրոշակակիրները երկրորդ անգամ են ժամանել Հայաստան դեսպանատան հրավերով: «Առաջին անգամ Երևանում էին այս տարվա հունիսին: Խումբը հանդիսանում է Առեցոյի դրոշակակիրների ասոցիացիայի մի մասը և, բնականաբար, ցուցադրելու է ասոցիացիայի մեծ շրջիկ քայլերթի մի հատվածը միայն: այդ ելույթներով դրոշակակիրները ծանոթացնելու են իրենց քաղաքի պատմությանը, մշակույթին, ինչը Իտալիան ևս մեկ անգամ ճանաչելու առիթ է»,- նշեց նա:
Առեցոյի դրոշակակիրների ասոցիացիայի նախագահ Ուգո Կոպինին իր հերթին պատմեց, որ ասոցիացիան կազմավորվել է 52 տարի առաջ Առեցո քաղաքում: «Սկզբում դրոշակակիրները ռազմական նշանակություն ունեին. Մարտերի ժամանակ համապատասխան շարժումներով ցույց էին տալիս հրամանատարի գտնվելու վայրը և օգնում ճիշտ մարտավարություն իրականացնել: Այժմ դրոշակակիրների քայլերթը թատերական ներկայացման է վերածվել` բաղկացած պարային, երաժշտական էլեմենտներից` շեփորի, թմբուկի և այլ երաժշտական գործիքների նվագակցությամբ: Ասոցիացիայի կազմում 168 հոգի կա, մեր ֆոլկլորային խումբը միակն է, որ ելույթ է ունեցել Ճապոնիայի կայսրի անձնական թատրոնում, ինչպես նաև բազմիցս բացել ֆուտբոլի աշխարհի առաջնություններ, օլիմպիադաներ և այլ կարևոր միջազգային միջոցառումներ: «Gli Sbandieratori di Arezzo»-ն եղել է աշխարհի 5 մայրցամաքներում և հոկտեմբերի 11-16-ն իր արվեստը ցուցադրելու է Հայաստանի տարբեր քաղաքներում»,- տեղեկացրեց Կոպինին:
Այսօր դրոշակակիրների ելույթը կարելի է դիտել ժամը 16:00-ին Երևանի Շահումյան հրապարակում:
Հոկտեմբերի 11-ին խումբը ելույթ ունեցավ Աբովյանում և Երևանում: Հոկտեմբերի 13-ին դրոշակակիրները ելույթ կունենան Ծաղկաձորում և Դիլիջանում, 14-ին` Վանաձորում, 15-ին` Սպիտակում և Գյումրիում, իսկ 16-ին` Աշտարակում:






