Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ցուցադրվեց հայկական, թուրքական և ադրբեջանական համատեղ արտադրության «Հիշողություններ առանց սահմանների» վավերագրական ֆիլմը: Կինոժապավենը «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ, Ադրբեջանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնի և բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությունների վերջին համատեղ արտադրանքն է «Կինոերկխոսություններ» ծրագրի շրջանակում:
Ինչպես նշեց «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, ֆիլմը ազգերի հիշողության և մարդկային ճակատագրերի խաչմերուկ է: «Ֆիլմը հուշում է լսարանին մտածել, թե ինչ ենք մենք ընտրում ուրիշների մասին հիշելիս, և ինչ նրանք` մեր մասին հիշելիս: Նկարահանումների ժամանակ ոչ մի խնդիր չի եղել, և ֆիլմն արդեն ցուցադրվել է ու բազմակողմանի կարծիքների է արժանացել Ստեփանակերտում և Գորիսում»,- նշեց նա:
57 րոպե տևողությամբ ֆիլմը բաղկացած է չորս կարճամետրաժ ֆիլմերից: Առաջինը «Կորած և գտնված» ֆիլմն է, որը նկարահանվել է Ստամբուլում: 2007թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև շփումը մեծացավ: Այն օգնեց մարդկանց առավել ազատորեն անդրադառնալ իրենց ազգային ինքնության հարցերին:
Երկրորդ մասը «Ավետիս» ֆիլմն է, որը պատմում է սփյուռքահայ ի ընտանիքի մասին, որն այժմ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Իրենց առաջնեկի մոտալուտ ծնունդը իր հետ բերում է նաև պայքարելու և արմատներին վերադառնալու հզոր լիցքեր:
«Ուրվականների թատրոնը» կոչվող երրորդ ֆիլմը Երևանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնի մասին է, որը ղարաբաղյան հակամարտության պատճառով տեղափոխվել է Բաքու: Փախստականների այդ թատրոնն այժմ շրջում է Ադրբեջանում և հանդիսատեսին ներկայացնում երկրի ոչ վաղ անցյալի ողբերգական իրադարձությունները:
Չորրորդ կարճամետրաժ ֆիլմը կրում է «Սպիտակ հարևաններ» անունը և Հայաստանի հարավում ապրող երկու հարևանների մասին է: Նրանք շախմատ են խաղում հատուկ դրվագված խաղաքարերով, որոնք ներկայացնում են հայ և թուրք ակնառու գործիչներին` հռչակված իրենց երկրում, բայց անարգված սահմանի այն կողմում:
Ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին:






