AM
13 Հոկտեմբեր 2012 - 09:51 AMT

Սիրիահայերը չեն կարողանում երկրից դուրս գալ ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով

Սիրիայում, հատկապես Հալեպում, կյանքի համար անտանելի պայմաններ են: Մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան, բայց չեն կարողանում՝ ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Հայազն» միությունից:

Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս պնդել են, թե իրավիճակի վատթարացման դեպքում, հայրենակիցների փրկության նպատակով պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել: Դրանք մեծամասամբ արդեն ուշացած են և մեր հայրենակիցները թողնված են բախտի քմահաճույքին:

Բազմաթիվ սիրիահայեր ՀՀ քաղաքացու անձնագրի կարիք ունեն: Ձգձգումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ բազմաթիվ ընտանիքների համար:

«Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել Սիրիայում գտնվող և այնտեղից հեռանալ ցանկացող հայ ընտանիքներին», – ասված է Հայազն Միության տարածած հայտարարության մեջ: