Հոկտեմբերի 16-21-ը, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի XIII նիստի արձանագրության համաձայն, Հայաստանում կանցնեն Ռուսական խոսքի V օրերը: Այն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, «Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ» խորագրի ներքո: Օրերն անցկացվում են Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության, «Հայաստան-Ռուսաստան» բարեկամական ընկերության, Ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Ռուսաց լեզվի օժանդակության հայ-ռուսական հիմնադրամի, ռուսաստանյան բուհերի շրջանավարտների հայկական ասոցիացիայի կողմից` Ռուսհամագործակցության, Ռուսաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունների, Գրողների և Լրագրողների միությունների աջակցությամբ:
Հայաստանում Ռուսական խոսքի օրերը հանդիսավոր կերպով կբացվեն հոկտեմբերի 15-ին ժ. 19.00-ին` Վյաչեսլավ Սպեսիվցևի ղեկավարած Մոսկվայի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի «Հեքիաթը սուտ է, բայց նրանում…» ներկայացումով: Հոկտեմբերի 21-ին կկայանա «Չեմ ուզում ամուսնանալ» ներկայացումը` ըստ Դ.Ի. Ֆոնվիզինի «Տհասը» պիեսի:
Հոկտեմբերի 18-ին Ա.Ս. Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» պիեսի բեմադրման 185-ամյակի առթիվ Երիտասարդական թատրոնը համանուն ներկայացում կցուցադրի: Նշենք, որ Մոսկովյան թատրոնի բեմադրությունները կներկայացվեն նաև Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում:
Ռուսական խոսքի օրերին կմասնակցի ռուսաստանյան գրողներից, բանաստեղծներից, լրագրողներից, գրադարանավարներից, հրատարակիչներից, ուսուցիչներից կազմված ընդարձակ պատվիրակությունը, հայտնում է Ռուսհամագործակցության մամուլի ծառայությունը:






