AM
15 Հոկտեմբեր 2012 - 15:57 AMT

Երևանյան 6-րդ փառատոնից մինչև «Էրեբունի-Երևան»

Շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ երկու համերգ, որոնք նվիրվեցին մեծ կոմպոզիտորի լուսավոր հիշատակին: Վերադարձի փառատոնի համերգում ելույթ ունեցավ «Ֆրատրես» տրիոն, որի կազմում հանդես եկան սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը, ջութակահար Ֆեոդոր Ռուդինը և դաշնակահար Ռուդոլֆս Սվանգսը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ Երևանյան 6-րդ փառատոնի համերգներից մեկը նվիրվեց մեծ կոմպոզիտորին, կատարվեցին նրա երկու ստեղծագործությունները: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ այս համերգով նրանք չեն սահմանափակվի: Փառատոնին ելույթ ունեցավ նաև գալարափողի հայտնի վարպետ Ռադովան Վլատկովիչը Ավստրիայից:

«Երկու տարի անընդմեջ մասնակցում եմ փառատոնին, ելույթ եմ ունեցել ձեր նվագախմբի և կամերային համերգներում: Ես կարծում եմ, որ ձեր նվագախումբն ավելի է լավանում տարիների ընթացքում, ես տեսնում եմ նոր, երիտասարդ դեմքեր, և կարծում եմ, որ նրանք նոր շունչ են հաղորդում նվագախմբին»,-ասաց Վլատկովիչը: Նա նաև կատարեց հայկական արմատներով լեհ կոմպոզիտոր Քշիշտով Պենդերեցու ստեղծագործությունը` գրված հատուկ գալարափողահարի համար:

«Մաեստրոն ինձ համար գրել է կոնցերտ գալարափողի համար: Ես նրա հետ համագործակցում եմ վաղուց, հյուրախաղերի ենք գնացել իրար հետ»,-եզրափակեց Վլատկովիչը:

Հոկտեմբերի 8-ին գրականության սիրահարներին անակնկալ մատուցեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված լեհ գրողների գործերը թարգմանվեցին առաջին անգամ, և լավ նվեր դարձան գրականության հայ սիրահարների համար:

Առաջին անգամ գիրք է գրել նաև Սուրեն Թադևոսյանը, որն ավելի շատ հայտնի է իր տեսահոլովակներով: Նա իր ֆիլմի սցենարը վերածել էր գրքի: Գրքի շնորհանսեսը տեղի ունեցավ շաբաթվա ավարտին: Այն կոչվում է «12.12.12», սակայն կապ չունի մայաների օրացույցի հետ:

Անցած շաբաթ «ձեռնունայն» չմնացին նաև թատերասերները: Ավարտվեց «Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կրկին լի էր կրեատիվ և բազմազան ներկայացումներով: Փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը պատմեց, որ նրանք արդեն պատրաստվում են «Հայֆեստ 2013»-ին:

Շաբաթը եզարփակվեց Երևանի հիմնադրման 2794-ամյակին նվիրված միջոցառումների շարքով: Քաղաքը վերածվել էր տոնական հարթակի, որտեղ ամեն մարդ գտավ իր ճաշակին համապատասխան միջոցառում: Բողոքեցին միայն հեղինակային երգի սիրահարները. հեղինակ-կատարողներըշն այս տարի բեմ չունեցան:

Վերջում էլ տեղի ունեցավ Գալա համերգը, որտեղ ելույթ ունեցան հին ու ծանոթ հայ և ռուս երգիչները: