Մեր նկարահանած հակահայկական ֆիլմերը մեզ փնովելու առիթ են տալիս թշնամուն: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը: «Ցավալի է, որ այսօր արտասահմանում մրցանակներ են ստանում հենց այն ֆիլմերը, որտեղ հայը ներկայացվում է որպես խեղկատակ, մեղավոր ու նվաստ: Կան մի շարք ֆիլմեր, որոնք դիտելուց հետո հարց է առաջանում` արդյո՞ք արժեր նման ֆիլմը ներկայացնել օտարերկրյա հանդիսատեսին: Այդպես Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» անիմացիոն վավերագրական ֆիլմը ներկայացնում է 1912թ. շների սպանդը: Ոչ մի խոսք կամ ակնարկ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հետագայում թուրք պատմաբաններից մեկը մեկնաբանում է, թե թուրքերը շների հետ վարվեցին այնպես, ինչպես ֆաշիստները հրեաների հետ»,- ասաց նա` հավելելով, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող ֆիլմերը պիտի նկարահանվեն կամ ի նպաստ Հայաստանի և ցեղասպանության միջազգային ճանաչման, կամ չնկարահանվեն:
Ռեժիսորը թվարկեց ևս մի քանի ֆիլմ, այդ թվում «Վանա ծովուն արշալույսը», որտեղ ակնարկվում է, թե հայերը պատրաստ են ներել ու հաշտության գալ թուրքերի հետ: «Նման ֆիլմերն ամեն կերպ օգտագործվում են թե' թուրքերի, թե' ադրբեջանցիների կողմից` միջազգային հանրությանը հայի` իրենց ձեռնտու կերպարը հրամցնելու համար: Իսկ «Մարգար պապը», «Քեռի Ռաֆայելը» ֆիլմերում հայը ներկայացվում է որպես խեղկատակ: Բավական է հայի նման կերպարը ցույց տանք աշխարհին, հայը միայն խեղկատակ չէ, հայը մշակույթ ունի, պատմություն ունի, պետք է դա ցույց տալ»,- ասաց նա:
Դերասան Երվանդ Մանարյանն իր հերթին հավելեց, որ նման խնդիրները պետք է իշխանությունների մակարդակով քննարկվեն: «Կինեմատոգրաֆիան այսօր յուրաքանչյուր երկրի քաղաքականության բաղկացուցիչ մասն է, և պետք է օգտագործել այդ լծակը մեր ազգային շահերը ներկայացնելու ու պաշտպանելու համար»,- ասաց նա` ընդգծելով, որ լավ ու վատի սահմանը խեղվել է այն ժամանակից ի վեր, երբ վերացել է առողջ քննադատությունը:






