AM
16 October 2012 - 09:57 AMT

Արա Աբրահամյան. Մոսկվայի հայկական թատրոնը դարձավ ժողովրդների բարեկամության նոր օջախ

Ռուսաստանի Հայերի միության նախագահ, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Արա Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով Մոսկվայի Հայկական թատրոնի X հոբելյանական խաղաշրջանի բացման կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Թանկագին բարեկամներ, Ռուսաստանի Հայերի միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Մոսկվայի Հայկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին ու ռեժիսորին X հոբելյանական խաղաշրջանի բացման կապակցությամբ: Հոբելյանը թույլ է տալիս ամփոփել անցած տարիների նվաճումներն ու նախանշել նոր խնդիրները՝ Ռուսաստանի ազգային մշակութային բազմազանության միասնական դաշինքում:

Մշակույթի շնորհիվ, մենք ընկալում ենք ազգը: Իսկ թատերարվեստը համաշխարհային մշակույթի մեծագույն նվաճումներից է: Հայ թատերարվեստի պատմությունն իր արմտաներով գնում է դարերի խորքը, դեպի Արտաշես Մեծի, Տիգրան Մեծի և Արտավազդ Երկրորդի դարաշրջանը, երբ Հայաստանը հանդիսանում էր հելլենիստական մշակույթի կենտրոններից մեկը:

…Ուրախալի է նշել, որ Մոսկվայի Հայկական թատրոնը հարուստ բեմական պատմություն ունի և կապված է հայտնի Լազարյան ճեմարանի պատմության հետ: Ինչպես հայտնի է, 1858թ. ճեմարանում թատրոն էր գործում, որը բազում բեմականացումներ է իրականացրել հայերեն և ռուսերեն լեզվով, որի աշխատանքին մասնակցել է Կոնստանտին Ալեքսեևը՝ ապագա ականավոր ռուս թատերական ռեժիսոր և գործիչ Ստանիսլավսկին: Իսկ 1921-53թթ. այստեղ գործել է Հայկական մշակույթի մոսկովյան տունը և Երկրորդ (Հայկական) թատերական դրամատիկ ստուդիան:

Մոսկվայի Հայկական թատրոնի զարգացման գործում մեծ ավանդ ունեն մշակույթի, գիտության ու արվեստի լավագույն ներկայացուցիչները՝ կ.Ստանիսլավսկին, Վախթանգովը, Վ. Բրյուսովը, Ս.Խաչատուրովը, Ն.Մարրը, Ա.Ջիվելեգովը, Գ. Յակուլովը, Ի. Օրբելին, Ռ. Սիմոնովը և այլոք: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, մեծն Փարաջանովի արժանի աշակերտ Սլավա Ստեփանյանի ակտիվ մասնակցությամբ թատրոնը վերականգնեց իր աշխատանքը 2002թ.:

Նորագույն պատմության 10 տարում թատրոնը, պահպանելով մեծ վարպետների ավանդույթները, դարձել է կարևոր ամբիոն, մշակութային կենտրոն ու հայ մշակույթի քարոզման կենտրոն, որը թույլ կտա բազմահազար լսարանին բացահայտել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը»:

ՌՀՄ-ն իր գործունեության մեջ ելնում է ՌԴ և Հայաստանի մշակութային կապերին աջակցելու անհրաժեշտությունից: Մեր բարեկամությունն ու աջակցությունը թատրոնին բխում է մարդկանց բարին տալու անհրաժեշտությունից, հայ մշակույթը քարոզելու և Ռուսաստանի ժողովրդների մշակութային հարստացմանը նպաստելու անհրաժեշտությունից…»: