ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընտրությունների անցկացման վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների փաթեթը:
ՀԱԿ-ն առաջարկում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին կիրառել միայն համամասնական ընտրակարգ, քվեաթերթիկներից հեռացնել համարակալումը: Վերջիններս միտված են ընտրական համակարգում «կառուսելի» մեխանիզմի վերացմանը:
Լ. Զուրաբյանն առաջարկում է նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին ընդգրկել ոչ թե զորամասերում կազմվող, այլ ըստ նրանց մշտական բնակության վայրի կազմվող ընտրողների ցուցակներում:
Ըստ ՀԱԿ-ի, հաջորդ կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ հրապարակվեն քվեարկության ընթացքում ընտրողների կողմից ստորագրված ցուցակները:
Մյուս առաջարկն արդեն վերաբերում է գալիք նախագահական ընտրություններին: ՀԱԿ-ը պահանջում է նախագահական ընտրությունների քարոզչության փուլում նախագահի թեկնածուների համար Հանրային հեռուստատեսությամբ տրվող եթերաժամը սահմանել հստակ ժամերին՝ 20:00-24:00-ի սահմաններում:
Փաստթղթի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը բանակցություններ է սկսելու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ: ՀՅԴ-ն արդեն իսկ համաձայնություն է տվել այս նախագծի քննարկմանը:






