Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել «Ալյանս ֆրանսեզ»-ի գլխավոր քարտուղար Ժան-Կլոդ Ժակը` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանի ուղեկցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ծանոթանալով թանգարանի մշտական ցուցադրությանը պատվավոր հյուրը թողել է հետևյալ գրառումը. «Անչափ երջանիկ եմ, որ առիթ ունեցա բացահայտել Ուրարտուի քաղաքակրության հարստությունը, որից ծնվել է այսօրվա Հայաստանը»:
Հյուրերը դիտել են նաև վերջին օրերին թանգարանում բացված «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» ժամանակավոր ցուցահանդեսը, որը ներկայացնում է Էրեբունի քաղաք-ամրոցի բացահայտման գիտական ճանապարհը` 50-ականներից մինչև հայ-ֆրանսիական համագործակցություն:
Այցելությունն ավարտվել է Արին բերդ բլրին պահպանված Էրեբունի ամրոցի միջնաբերդում շրջայցով:






