Հոկտեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի հաշմանդամություն ունեցող մոդելների առաջին ֆոտոցուցահանդեսը:
Լուսանկարների հեղինակներն են Ռասմիլա Ալավերդյանը, Մարիաննա Մելիքսեթյանը, Գարեգին Ղազարյանը, Եվգենիա Էվոյանն ու Սուրեն Մանվելյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռասմիլա Ալավերդյանը, «Շրջանակից այն կողմ» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության օժանդակությամբ: «Անցկացվեց քասթինգ, որի արդյունքում ընտրվեցին բարետես հաշմանդամ աղջիկներ, որոնք պատրաստ էին աշխատել որպես ֆոտոմոդել բառիս բուն իմաստով, այսինքն` պատրաստ էին ցանկացած ոճային և այլ տեսակի փոփոխությունների։ Հիմնականում շարժական խնդիրներ ունեցող մոդելներ են, կա նաև մի կույր աղջիկ»,- ասաց նա:
Ռասմիլայի խոսքով` ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր ոճի լուսանկարներ` ֆեշն, դասական, ռոմանտիկ, հարսանեկան, ինչպես նաև նյու։ «Մտահղացման հիմնական գաղափարն այն է, որ եթե մարդուն շանս է տրվում, անկախ իր ֆիզիկական վիճակից նա ընդունակ է հասնել ցանկացած բարձունքի»,- նշեց լուսանկարիչը:
Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 29-ը:






