Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր պաշտպանական ոլորտում համագործակցության մասին: Այսօր` հոկտեմբերի 17-ին, համապատասխան փաստաթուղթ են ստորագրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իտալիայի պաշտպանության նախարար Ջանպաոլո Դի Պաոլան:
Ստորագրման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրման կարևորագույն կետը ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն է, ինչը նախատեսում է հայ զինվորականների ուսուցում Իտալիայի ռազմական բուհերում: Նրա խոսքով, վեց հայ զինծառայողներ արդեն ուսուցում են անցել Իտալիայում:
Հայ-իտալական համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն ռազմական արդարադատության ոլորտում, որի շրջանակներում Հայաստանի Ռազմական ոստիկանությունը կհամագործակցի իտալացի կարաբիներների հետ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության, կազմակերպչական-մոբիլիզացիոն, խաղաղապահ, մարդասիրական, ռազմական բժշկության և ռազմական արդյունաբերության ոլորտներում:
Խոսելով Ջանպաոլո Դի Պաոլոյի այցելության մասին` Սեյրեն Օհանյանն այն չափազանց կարևոր է անվանել և հույս հայտնել հետագայում ևս զարգացնել պաշտպանական համագործակցությունը:
Իր հերթին, Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ նման համաձայնագրերը ստորագրվում են տարածաշրջանոի բոլոր երկրների կողմից: Նրա խոսքով, Իտալիան, որը ցանկանում է իր ավանդն ունենալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեջ, համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ:






