AM
18 Հոկտեմբեր 2012 - 15:09 AMT

Մեծ Բրիտանիայի ճանաչված կին դարբնի աշխատանքներից մեկը` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հավաքածուի համալրումը շարունակվում է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը, նոր ձեռք բերված աշխատանքներից մեկը հարավկորեացի հանրահայտ արվեստագետ Դո-Հո Սուի «Պատճառ և հետևանք» կոմպոզիցիան է:

Ինստալյացիան պատրաստված է ակրիլից, խեժից և ալյումինից և հեղինակի 2007 թվականի աշխատանք է: Դո-Հո Սուն իր աշխատանքների միջոցով բացահայտում է անհատականության, հասարակության և անորոշության միջև կապերը:

Նոր աշխատանքներից մեկի` «Կյանքի շրջանակներում»-ի հեղինակը կին է` Ջենի Փիքֆորդը: Նա համարվում է Մեծ Բրիտանիայի առաջատար կին դարբին-արվեստագետը, ով ապակու և մետաղի համադրությամբ յուրօրինակ դեկորատիվ և ճարտարապետական ստեղծագործություններ է հեղինակում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղ է գտել ապակուց և մետաղից պատրաստված ևս մեկ քանդակ, որի հեղինակը ամերիկացի Քենթ Ֆորեսթ Իփսենն է: Աշխատանքը պողպատից, ապակուց և փայտից է պատրաստվել 1981 թվականին: Արվեստագետը հայտնի է դարձել իր ձուլածո ապակե աշխատանքների, հատկապես գեղարվեստական ծաղկամանների շնորհիվ:

Գայ Բուսեյնի «Պատը» ձուլածո արձանը, որը ստեղծել է 1961 թվականին, տեղ է գտել կորեացի արվեստագետ Ջի Յոնգ-Հոյի «Առյուծ 2»-ի հարևանությամբ:

Իսկ ահա արվեստի կենտրոնի բացօթյա հարթակներից մեկի ավազանում տեղադրվել է Մայքլ Մարիոթի «Ջրաշուշանը»:

Բրիտանացի քանդակագործը արվեստի միջոցով փորձում է մոտենալ բնությանը, գեղարվեստական միջոցներով նմանակել այն: Իր աշխատանքներում նա կիրառում է չժանգոտող պողպատ, ապակի, բրոնզ և զանազան քարեր: