AM
19 Հոկտեմբեր 2012 - 09:14 AMT

Առաջին անգամ տարածաշրջանում Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային խորհրդի գիտաժողով

Հոկտեմբերի 20-25-ը Երևանում անցկացվելու է Թանգարանների միջազգային խորհրդի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի ` ՍԵԿԱ-ի տարեկան 41-րդ գիտաժողովը: Այն կրելու է «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագիրը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, այն առաջին անգամ է անցկացվում մեր տարածաշրջանում և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շարքում:

ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի նախագահ Էմմա Նարդին նշեց, որ գիտաժողովին մասնակցելու են 37 երկրի շուրջ 150 մասնագետ, 59 զեկույցներով: Նարդին նաև նշեց, որ միջոցառումը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով այն կհեռարձակվի նաև օնլայն տարբերակով: Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա նաև ՍԵԿԱ-ի լավագույն նախագծերի պարգևատրում:

ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Մարինե Հարոյանը նշեց, որ գիտաժողովը վերաբերելու է թանգարանների հետ կապված բոլոր տեքստերին, քանի որ այն առանց գրի չի կարելի պատկերացնել: Ըստ նրա, հայաստանյան թանգարանների տեքստերը խորհրդային ժամանակներից ժառանգություն են մնացել, և դրանք գիտական են: Ըստ մասնագետի անհրաժեշտ է ցանկացած տեքստ դարձնել ավելի մատչելի:

Հայաստանյան ներկայացուցիչների թվում են 10 թանգարաններ, որոնք առավել շատ կրթական ծրագրեր ունեն: Դրանք են Գաֆեսճեան արվեստի կենտրոնը, Հովհ. Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանները, Զվարթնոցի թանգարանը, Էջմիածնի թանգարանը և այլն: