«ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը խորացրեց կասկածները», անդրադառնալով Վարդան Օսկանյանին առաջադրված մեղադրանքին այսօր ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ԱՄՆ-ի դեսպանների կողմից երբևէ նման հայտարարություն չէր արվել, սակայն հիմա արվեց, և դա արդեն կասկածի տեղիք է տալիս:
Սահակյանի կարծիքով՝ Օսկանյանի գործը իրավական հարթության մեջ պետք է դիտարկել: «Ես ոչ մեկին չեմ կասկածում, ուղղակի կան կասկածներ, եթե կկարողանա ապացուցել, ուրեմն անմեղ կճանաչվի: Խնդիրը իրավական հարթության մեջ է: Թողնենք Օսկանյանի հարցը իրավաբաններին, մեզանից որևէ մեկը պարտադիր չպիտի ասի, որ նա մեղավոր է, ես ինքս աշխատել եմ, գիտեմ նրա կարողությունները, մոտեցումները»,-նշեց պատգամավորը:
Վերջինիս համոզմամբ՝ Օսկանյանը պետք է ներկայանար ԱԱԾ և ինչպես պահանջվում էր, նախ և առաջ ցույց տար իր բանկային հաշիվները, որպեսզի գործը չհասներ ԱԺ մտնելուն: Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ ինքը չի էլ ցանկանա, որ Օսկանյանը հանցագործ համարվի:
Իսկ այն հարցին, թե արդյոք Սահակյանը ևս կարծում է, որ Օսկանյանը Արևմուտքի կողմից պատրաստված թեկնածու է նախագահական ընտրությունների համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես իհարկե կուզեի, որ Օսկանյանն այդքան մեծ արժեք ունենար, բայց այդպես չեմ կարծում»:






