AM
21 October 2012 - 13:01 AMT

Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում Վրաստանին ստեղծել ազգային ինքնակառավարման երկրամասային մարմիններ

Ռուսաստանի ջավախահայությունը շնորհավորում է Վրաստանի ժողովրդին անցած ընտրությունների կապակցությամբ և դիմում է Վրաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորներին որոշ առաջարկներով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր կարծիքով ընտրություններից հետո կարևոր է, որպեսզի նոր խորհրդարանը և նոր իշխանությունը բոլոր ջանքերը գործադրեն ժողովրդավարության և տնտեսական զարգացման ճանապարհին հետագա առաջընթաց ապահովելու համար:

Վրաստանում ամենագլխավոր պետականաստեղծ գործոններից են ազգային փոքրամասնությունները, և նշանակում է, անհրաժեշտ է ապահովել երկրի միասնությունը և ամբողջականությունը վրացական պետականության զարգացման նոր պատմական պայմաններում: Մենք կարծում ենք, որ ապագայում վրացական պետությունը պետք է ազգային փոքրամասնությունների համար ստեղծի այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա նրանց պահպանել և սերունդներին հաղորդել ազգային ինքնագիտակցությունը և ազգային ինքնությունը, ազատ ապրել և անարգել օգտվել Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից և օրենքներից:

Ելնելով այսօր տեղ գտած իրողություններից՝ մենք կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին դիտարկել մեր առաջարկները:

Վրաստանի սահմանադրությունում ամրագրել ցանկացած ազգային փոքրամասնության իրավունքը, որն ապրել է Վրաստանի տարածքում մեկ դարից ոչ պակաս և ստեղծել ազգային ինքնակառավարման երկրամասային մարմիններ: Ինքնակառավարման նման մարմինները կարող են ապահովել փոքրամասնությունների մշակութային ինքնավարությունը:

Ստորագրել և վավերացնել տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան և Սամցխե-Ջավախեթում հայոց լեզվին տրամադրել տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:

Ազգային փոքրամասնություններին հնարավորություն տալ սովորել մայրենի լեզվով և ստեղծել բոլոր պայմանները մայրենի լեզվուն, սեփական մշակույթը և պատմությունն ուսումնասիրելու համար»: