Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է տարբեր գերատեսչությունների տեղափոխումը Արցախի հինավուրց մշակութային մայրաքաղաք` այն համարելով կարևոր գործոն Շուշիի հետագա զարգացման համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա կնպաստի նաև պատմական շենքերի պահպանմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: