AM
23 October 2012 - 08:58 AMT

ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

Հոկտեմբերի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի (Լեհաստան) գլխավորությամբ և իր դաշտային օգնական Իրժի Աբերլեի (Չեխիա) մասնակցությամբ:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: