AM
23 Հոկտեմբեր 2012 - 10:15 AMT

Նոր կայք ու մշակութային հանդես արվեստասերների և արվեստագետների համար

Գործարկվել է Cultural.am մշակութային կայքը: Այսօրվանից կգործի նաև կայքին կից «Պոստմոդեռնից հետո» գեղարվեստական-մշակութային հանդեսը: Կայքի և հանդեսի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հայաստանի գրողների միության դահլիճում:

Մի խումբ երիտասարդ արվեստագետներ, նպատակ ունենալով արվեստի տարբեր ոլորտների միջև կապ հաստատել և հասարակությանը ներկայացնել ժամանակակից արվեստն ու գրականությունը, ստեղծել են շահագրգիռ մարդկանց խումբ: Այն այս պահին բաղկացած է 20-ից ավելի անդամներից: Խմբում ներառված են հիմնականում երիտասարդ գրողներ, կոմպոզիտորներ, կինոգետներ, գրականագետներ, երաժշտագետներ, արվեստաբաններ, լրագրողներ: Խմբի անդամները 20-30 տարեկան երիտասարդներ են, որոնց մի մասը ստեղծագործական միությունների (Հայաստանի Գրողների միություն, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միություն) անդամ են: Սեպտեմբերի սկզբից գործում է Մշակութային (cultural.am) կայքը, որտեղ ներկայացվում են ինչպես ընթացիկ մշակութային իրադարձությունները, այնպես էլ հարցազրույցների, տեսական հոդվածների միջոցով՝ ժամանակակից արվեստն ու գրականությունը: Այսօրվանից կայքում կգործի նաև «Պոստմոդեռնից հետո» գեղարվեստական-մշակութային էլեկտրոնային հանդեսը:

«Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ կկարողանան համագործակցել արվեստի տարբեր ճյուղերի երիտասարդներ: Այն նպատակ է հետապնդում նաև քարոզել ժամանակակից արվեստն ու գրականությունը, և շեշտը դրվում է միայն պրոֆեսիոնալիզմի վրա»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Խեչիկյանը:

Բացի հիմնական նյութերից Cultural.am-ն ունի նաև արխիվ, որտեղ կարելի է գտնել ինչպես ժամանակակից, այնպես էլ ավագ սերնդի գրողների, երաժիշտների, նկարիչների գործերը, ծանոթանալ նրանց կենսագրությանն ու գործունեությանը:

Հանդեսի և կայքի խմբագրակազմը հասարակությանը հայտնի և արդեն որոշակի հաջողությունների հասած գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, արվեստաբաններ ու լրագրողներ են: