AM
23 October 2012 - 12:24 AMT

6 սկինհեդներ Մոսկվայում մեղավոր են ճանաչվել մի շարք սպանությունների մեջ, այդ թվում` Հայաստանի քաղաքացու

Մոսկվայի քաղաքային դատարանում երդվյալ ատենակալները 6 սկինհեդներին մեղավոր են ճանաչել ազգային ատելության հողի վրա կատարած մի շարք հարձակումների և սպանությունների մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

7-րդ մեղադրյալ Ստեպան Կուզմինին երդվյալ ատենակալները միաձայն արդարացրել են` նրան մահափորձի մեջ մեղադրելը համարելով չապացուցված:

Ամբաստանյալներից չորսը` Ալեքսանդր Կիչուտկինը, Վլադիմիր Բելյակովը, Ալեքսեյ Կիսելյովը և Վլադիմիր Ստեպանովը, հանցագործության կատարման պահին անչափահաս են եղել, ուստի դատարանը չի կարող նրանց պատժի ժամկետ նշանակել, որը գերազանցում է 10-ամյա ազատազրկումը:

Հետաքննության նյութերի համաձայն, մեղադրյալներն առաջին սպանությունը կատարել են 2009-ի հոկտեմբերին` «Բելյաևո» մետրոյի կայարանի մոտ հարձակվելով Հայաստանի քաղաքացու վրա: Նրան բազմաթիվ հարվածներ են հասցրել ձեռքերով ու ոտքերով և 11 հարվածներ` դանակով: Տուժածն արնահոսությունից մահացել է:

2010-ի մարտին սկինհեդները գնացքում հարձակվել են ասիական արտաքին ունեցող տղամարդու վրա: Նրանք վերջինիս ծեծել են, դանակով հարվածել գլխի, պարանոցի, մեջքի շրջանում, որից հետո թաքնվել են հանցագործության վայրից:

2010-ի ապրիլին մեղադրյալները հանդիպել են «Կոնկովո» մետրոյի կայարանի մոտ և հարձակվել արաբական երկրներից եկվորի վրա` նրան սպանելու մտադրությամբ: Նրանք իրենց զոհին դանակով հասցրել են շուրջ 27 հարված, սակայն տուժածին հաջողվել է փախչել և փրկվել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ: