Հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականությունը պետք է Վրաստանին հաղորդի կովկասյան շահերի միավորողի գործառույթ, ասվում է «Ուժեղ, ժողովրդավարական, միասնական Վրաստանի համար» անվանումով կառավարական ծրագրում, որը կառավարության նոր կազմի հետ միասին քննարկվում է խորհրդարանական հանձնաժողովներում և խմբակցություններում:
Կառավարության նոր կազմի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա խորհրդարանում հոկտեմբերի 25-ին: Ծրագրում ասվում է, որ կովկասյան շահերի արտացոլող դառնալու նպատակով Վրաստանը մտադիր է խորացնել իր հարաբերություններն առաջին հերթին Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Վրաստանը կձգտի երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ «միջազգային մեխանիզմների կիրառմամբ»:
Ապագա կառավարությունը նշում է, որ Վրաստանի արտաքին քաղաքական գերակայություններն են «ԵՄ մտնելու ձգտումը, եվրոատլանտիկ կողմնորոշումը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելը»:
«Վրաստանն իր խաղաղապահական առաքելությամբ կդառնա միջազգային հանրության հուսալի և կանխատեսվող գործընկեր»,- ասվում է ծրագրում:
«Անհրաժեշտ է բանակցություններ սկսել անվտանգության երաշխիքների, մեխանիզմների վերաբերյալ, որոնք պետք է ստեղծվեն ԵԱՀԿ կամ ՄԱԿ ձևաչափում»,- ասվում է նոր կառավարության ծրագրում: Միևնույն ժամանակ պլանավորվում է փոխել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կառավարությունների գործունեության սկզբունքները, որոնք գործում են Թբիլիսիում:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ ներկայացրել է նախարարների թեկնածուներին Վրաստանի նոր կառավարությունում:
Իվանիշվիլին մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հաղորդում է «Թրենդը»: