AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:00 AMT

Հովիկ Աբրահամյան. Սոս Սարգսյանն անվիճելի հեղինակություն է մեր մշակութային աշխարհում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորանքներում մասնավորապես ասվում է.

«Սիրելի Վարպետ, ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 83-ամյակի առթիվ:

Ձեր ապրած կյանքով ու անցած ճանապարհով Դուք անվիճելի հեղինակություն եք մեր մշակութային աշխարհում, ումից սովորել ու շարունակելու են կինոարվեստ ու թատերարվեստ սովորել տարբեր սերունդներ:

Որպես դերասան Դուք ժողովրդական եք այդ բառի ամենաիսկական իմաստով` ժողովրդից ծնված, նրա իմաստնությունը, ոգին ու խորաթափանցությունը Ձեր կենսակերպում ու արվեստում ներառած, այդ ամենը Ձեր խաղացած դերերի միջոցով կրկին ժողովրդին փոխանցած:

Սիրելի Վարպետ, թատրոնի բեմից ու կինոժապավենից Ձեր անմիջականությամբ ու բնական կերպարներով Դուք մի քանի տասնամյակ դաստիարակել եք բազմաճաշակ ու խստապահանջ հանդիսատեսին, հայրենիքը սիրելու և նրան նվիրվելու բացառիկ օրինակ ծառայել, սովորեցրել մարդ լինելու և մարդ մնալու բարդագույն արվեստը, արվեստ, որին էլ ավելի անմիջական առնչվել են Ձեր սաները` անցնելով Սոս Սարգսյան մանկավարժի կյանքի ու արվեստի վարպետության դպրոցով:

Թատրոնին ու կինոյին նվիրած Ձեր տարիներն իրապես մի ամբողջ կյանք են, ինչպիսին կուզենային ապրել բոլոր նրանք, ովքեր դիտել ու լսել են Ձեզ, շփվել Ձեզ հետ, աշակերտել Ձեզ: Համոզված եմ, որ սովորելու բան էլի ունենք, ինչպես ունենք Ձեր իմաստուն խորհրդի, սթափ մտածողության ու ընդօրինակելի կենսափորձի կարիքը:

Սիրելի Վարպետ,ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջ առողջություն, երկարակեցություն և շարունակական ստեղծագործական եռանդ»: