Անիմացիայի աշխարհում թելադրող դիրք ունեցող Անսիի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Տիցիանա Լոսքին դառնալու է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի միջազգային խորհրդի պատվավոր անդամ:
Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, Տիցիանա Լոսքիի որոշումը վստահության նշան է և այն հավաստիքը, որ «ՌեԱնիմանիա»-ն իր հիմնադրման օրվանից չորս տարի անց տարածաշրջանում առաջատար անիմացիոն կինոփառատոնն է: Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի և «ՌեԱանիմանիա»-ի համագործակցությունն արդեն հարուստ պատմություն ունի. «ՌեԱնիմանիա»-ն պատիվ է ունեցել 2009թ. Տիցիանա Լոսքիին հյուրընկալել Հայաստանում: Տ. Լոսքիի` «ՌեԱնիմանիա»-ի պատվավոր խորհրդին անդամակցելն արդեն պաշտոնական համագործակցության նոր էջի սկիզբ է, որ նպաստելու է «ՌեԱնիմանիա»-ի առաջխաղացմանն ու ընդլայնմանը:
«ՌեԱնիմանիա»-ին ուղղված նամակում Տ. Լոսքին իր շնորհակալությունն է հայտնում պատվավոր միջազգային խորհրդի անդամ դառնալու հրավերի համար և խոստանում նեցուկ լինել փառատոնի զարգացմանը:
Փառատոնը հույս ունի` 2013-ին «ՌեԱնիմանիա» 5-րդ հոբելյանական փառատոնին հյուրընկալել Տիցիանա Լոսքիին:
Հիշեցնենք, որ «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի նոյեմբերի 3-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը:






