Ավարտվել են «Ապացուցված աքսիոմ» վավերագրական ֆիլմի շուրջ տարվող աշխատանքները: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ֆիլմի հեղինակներ Մարիաննա Աբրահամյանն ու Անժելա Ֆրանգյանը պատմեցին, որ ֆիլմն անդրադառնում է գիտական և քաղաքական շրջանակներում հակահայկական քարոզչության մեխանիզմներին, դրանց առնչվող խնդիրներին: «Վավերագրական ֆիլմը հիմնված է բազմաթիվ պատմաաշխարհագրական հետազոտությունների հեղինակ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի աշխատությունների վրա: Ներկայացվում են մի շարք հնագույն քարտեզներ, որտեղ գաղտնի կամ բացահայտ կերպով նշված է Հայաստանը և երկրի սահմանները»,- ասաց Մարիաննան: Անժելան իր հերթին հավելեց, որ ֆիլմը լայն հասարակությանը կներկայացվի ինտերնետի միջոցով, ինչպես նաև կներկայացվի մի շարք փառատոնների:
Ռուբեն Գալչյանն ընդգծեց, թե իր հետազոտությունների արդյունքում պարզել է, որ հնագույն ժամանակներից ի վեր ստեղծված քարտեզներում միակ երկրները, որոնք ավելի քան 2500 տարվա պատմություն ունեն և նշվում են քարտեզներում` սահմաններով կամ առանց, Հայաստանն ու Պարսկաստանն են: «Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդպիսի երկիր գոյություն չի ունեցել և քարտեզներում նշված չի եղել: Արաքս գետից հարավ եղել է Ատրպատականի երկրամաս, որի անվանումն էլ լեզվական փոփոխությունների արդյունքում վերածվել է Ադրբեջանի և յուրացվել Հայաստանի հարևանի կողմից»,- նշեց նա:
ՀՀ ԱԳՆ ԱՊՀ գործերով կառավարման խորհրդական, պատմաբան Գուրգեն Հովհաննիսյանը, որը նույնպես մասնակցել է ֆիլմի նկարահանումներին, իր հերթին հավելեց, որ Գալչյանի հետազոտությունները և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմը «Հայաստանին հնարավորություն են ընձեռում խաղաղ, տեղեկատվական պատերազմում հաղթաթղթեր ունենալ և ընդդեմ փաստարկներ ներկայացնել մեր հակառակորդներին և հատկապես Ադրբեջանին»:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մինչև նոյեմբերի 10-ը:






