Նոյեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում 6 նոր ֆիլմի ցուցադրություն է սպասվում: Երևանյան պրեմիերաների շարքը կբացի Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմը, որը կրում է «Սքայֆոլ» անվանումը: 007 գործակալի մասին հերթական արկածային մարտաֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է, գլխավոր դերում` Դենիել Քրեյգը, իսկ սաունդթրեքը Ադելի հեղինակած «Skyfall» երգն է: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ երեկ` հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում` «Ալբերտ հոլ» Թագավորական արվեստների սրահում, իսկ պաշտոնական համաշխարհային պրեմիերան ծրագրված է հոկտեմբերի 26-ին: Երևանում ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ից:
Նոյեմբերի 8-ից կցուցադրվի Ռոբ Կոենի «Ես Ալեքս Քրոսն եմ» քրեական տրիլերը: Հայտնի խուզարկու Ալեքս Քրոսը շարժվում է սերիական մարդասպանի հետքերով: Գլխավոր դերերում են Թայլեր Փերին, «Կորուսյալները» սերիալից հայտնի Մեթյու Ֆոքսը և Ժան Ռենոն: Ֆիլմի կարգախոսն է. «Դաժան հանցագործություն: Այլասերված մարդասպան: Մահացու խաղ»: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին:
«Մատրիցա» եռամասի հեղինակ Վաչովսկի եղբայրների «Ամպային ատլաս» պատմաֆանտաստիկ ֆիլմը Կինոմոսկվայում կցուցադրվի նոյեմբերի 9-ից: «Ամեն ինչ փոխկապակցված է» կարգախոսով ֆիլմը պատմում է միևնույն հոգու 6 ինկարնացիաների մասին, որոնցից երկուսը տեղի են ունենում ապագայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Թոմ Հենքսը, Հյու Գրանտը, Հելի Բերին և այլ հայտնի դերասաններ: Համաշխարհային պրեմիերան կայացավ սեպտեմբերի 8-ին Կանադայում:
«Մոսկվա» կինոթատրոնը նոյեմբերից կցուցադրվի նաև 3D ձևաչափի անիմացիոն ֆիլմ` «Երազների պահապանները»: Մանկական երազները փրկելու համար տարբեր հեքիաթների հերոսները միավորվում են: Հոկտեմբերի 10-ին Միլ-Վելիում կայացած կինոփառատոնին տեղի ունեցավ մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան, իսկ Երևանում այն կցուցադրվի նոյեմբերի 16-ից:
Նոյեմբերի 22-ին սպասվում է «Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի` «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը կեզրափակի աղմակահարույց ֆիլմաշարը: Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 14-ին եվրոպական 6 երկրներում:
Նոյեմբերի 23-ից Կինոմոսկվայում կցուցադրվի նաև Դևիդ Օ. Ռասելի «Իմ ընկերը գիժ է» կատակերգական դրաման, օրիգինալ անվանումը` «Հույսի շողերի ժողովածու»: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Բրեդլի Քուփերը, Ջենիֆեր Լոուրենսը և Ռոբերտ Դե Նիրոն: Ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ:






