AM
24 Հոկտեմբեր 2012 - 14:25 AMT

Գարեգին Բ-ն բարձր է գնահատում Մայր Աթոռի և ՄԱԿ-ի միջև ձևավորված համագործակցությունը

Հոկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային:

Հանդիպմանը կաթողիկոսը, հրաժեշտ տալով առաքելությունը Հայաստանում ավարտող Գերչևային, իր գնահատանքը հայտնեց նրան` պաշտոնավարման տարիներին Հայաստանի ժողովրդին մատուցված օգտաշատ ծառայությունների համար` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ: Վեհափառ հայրապետը նաև բարձր գնահատեց ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից երկրի զարգացմանն ուղղված զանազան ծրագրերը, ինչպեսև Մայր Աթոռի հետ ձևավորված համագործակցությունը:

Նորին սրբությունը, շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթեց, որ ՄԱԿ-ի բոլոր ծառայություններն արդյունավոր լինեն և նպաստեն մարդկության խաղաղ ու ապահով կյանքին:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու խնդրին և այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների և Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին: