AM
1 March 2003 - 15:47 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի ընդդիմության Համակարգող կենտրոնում ընդգրկված կուսակցություններն այսօր դիմել են երկրի Սահմանադրական դատարան` մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումների կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նրանք պահանջում են պարզաբանել 1998 թ. նախագահական եւ 2000 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական տեղամասերի տվյալները չհրապարակելու պատճառները: Ընդդիմությունը խնդրում է պարզաբանել, թե տվյալ հանգամանքը որքանով է թույլ տալիս կասկածի տակ դնել նշված ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները: Բացի այդ, ընդդիմադիր կուսակցությունները հետաքրքրվում են, թե ինչու Ալիեւը, խախտելով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը, մնում է կառավարող կուսակցության նախագահի պաշտոնում: Համակարգող կենտրոնը խնդրում է նաեւ պարզաբանել, թե Սահմանադրության փոփոխված դրույթները որքանով են համապատասխանում հենց Սահմանադրության սկզբունքներին, որը միեւնույն անձի նախագահությունը սահմանափակում է երկու ժամկետով: Ինչպես հայտնի է, Հեյդար Ալիեւը վկայակոչում է հենց այդ դրույթները` առաջադրելով իր թեկնածությունը նախագահության երրորդ ժամկետի համար: Սահմանադրական դատարան ներկայացված հայցը ստորագրել են Ադրբեջանի ընդդիմության համակարգող կենտրոնի կազմում ընդգրկված բոլոր 9 կուսակցությունների նախագահները: