Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովի արձագանքը Հունգարիայից արտահանձնված և Բաքվում ներում շնորհված հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բնորոշ է եվրոպական երկրների համար: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին Չեխիայի խորհրդարանի միջազգային, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կողմից բանաձևի ընդունումը, որում արտահայտվում է խոր մտահոգություն և ափսոսանք Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հետ կապված: «Հունգար ժողովուրդը և հասարակությունն իրենց շատ արժանավայել են պահել` բոլոր այդ ցույցերը, երթերը Հունգարիայի իշխանությունների արարքի դեմ ապացուցում են դա: Բայց կհետևե՞ն արդյոք չեխական բանաձևին նման բանաձևեր այլ եվրոպական երկրներում, դժվար է ասել»,- նշել է նա և հավելել, որ Սաֆարովի արտահանձնմանն այլ կերպ, քան, օրինակ, Չեխիան, վերաբերվելու համար, պետք է լինել Ադրբեջան:
Միևնույն ժամանակ Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կշարունակվի: 1992-ից ի վեր սպանվել է ոչ միայն Գուրգեն Մարգարյանը, բայց դա ոչ մի կերպ չի ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի կամ բանակցային գործընթացի վրա: Գործընթացը պետք է շարունակվի, այն շատ բարդ է, որովհտեև երկրների միջև ոչ մի կապ չկա: Ուղղակի Սաֆարովի գործը առիթ հանդիսացավ, որպեսզի խոսեն այն մասին, թե մենք ում հետ գործ ունենք»,- ասել է նա:






