AM
25 Հոկտեմբեր 2012 - 14:41 AMT

Օրհան Փամուկին Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան կշնորհվի

Հանրահայտ թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանի կարժանանա: Շքանշանի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին` կիրակի: Այդ մասին հաղորդում է թուրքական Anatolia լրատվական գործակալությունը:

Շքանշանը Փամուկին կհանձնի Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին: Այնուհետև գրողն իր ընթերցողների հետ հանդիպում կունենա Լուվրում բացված Իսլամական արվեստի ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև մի շարք գիտաժողովների կմասնակցի իր գրքերի առնչությամբ:

2005թ. շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, որ 1915 թվականին թուրքերը 1 միլիոն հայ և 30 հազ. քուրդ են սպանել:

«Թուրքիայում այս մասին ոչ ոք չի համարձակվում խոսել, և ինձ ատում են այն բանի համար, որ ես խոսում եմ այդ մասին»,- ասել է Օրհան Փամուկը: Դրանից հետո նրա նկատմամբ հետապնդում էր սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրք ինքնությունը վիրավորելու համար): Ներկայումս գրողն ապրում է ԱՄՆ-ում: