AM
1 March 2003 - 16:19 AMT

«CHEVRON TEXACO»-Ն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ

«Chevron Texaco» ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են Կասպից ծովի ադրբեջանական հատվածի «Ափշերոն» հանքավայրի շահագործումից հրաժարվելու մտադրության մասին: «Chevron Texaco», «TotalFinaElf» Ափշերոնի կոնսորցիումի մեջ մտնող մյուս ներկայացուցիչների միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, վերոհիշյալ հանքավայրում պետք է անցկացվի երկու հորատում: Առաջին հորատումը կատարվել է 2001 թ.եւ արժեցել է 78 մլն ԱՄՆ դոլար (ամենաթանկը Կասպից ծովում): Սակայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, որեւէ զգալի արդյունք ձեռք չի բերվել: «Chevron Texaco»-ի պաշտոնական ներկայացուցիչները նման որոշում են ընդունել, չնայած այն բանի, որ հրաժարվելով իրենց պարտավորություններից նրանք ստիպված կլինեն փոխհատուցում վճարել: Ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ այս տարի ադրբեջանական նավթային հանքավայրերում աշխատող արտասահմանյան շատ ընկերություններ ստիպված կլինեն հրաժարվել իրենց պարտավորություններից: Պատճառը մեկն է` շահագործումը շարունակելու տնտեսական աննպատակահարմարությունը: