Այս օրերին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ներկայացված է Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մարտիրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Համալսարանի շրջանավարտն ու դասախոսը վերջին հինգ տարիների 50 աշխատանք ընդգրկող ցուցահանդեսը նվիրել էր հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:
Հայաստանի բնաշխարհի գույներն ու գեղանկարչի զգացողություններն արտահայտող «Ձյունե ճանապարհ», «Արքայամոմեր», «Եղրևանի», «Կակաչներ» «Մասրենի» «Առավոտ», «Դաշտային ծաղիկներ», «Պատահական օր», «ՙԽոր աշուն» և մյուս աշխատանքները բարձր գնահատեցին ներկաները:
«Կա արվեստ` արվեստագետների և արվեստ` բոլորի համար, նրա գործերը բոլորի համար են»,-Արթուր Մարտիրոսյանի աշխատանքները այսպես բնորոշեց ՀՀ և ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը: Ժողովրդական նկարիչն այս աշխատանքները դասում է «ավանգարդ» ոճին` «նորի փնտրտուք, մտքերը նորովի արտահայտելու ձևերի դրսևորում»:
Գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը գոհ է իր ճակատագրից, և կարծում է, որ առանց այս համալսարանի իր կյանքն այլ կերպ կդասավորվեր: «Լավագույն տարիներս անց եմ կացրել այստեղ` շփվելով նկարչական դպրոցի մեծերի հետ, որոնցից շատ բան եմ սովորել: Այսօր ես վերադարձնում եմ այն, ինչ տվել է ինձ Մանկավարժականը»,- ընդգծեց գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը:






