Հայաստանն ու Չինաստանը մտադիր են սերտ համագործակցել կինեմատոգրաֆիայի ոլորտում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: «Այսօր առաջին անգամ տեղի կունենա Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացումը: Հունիսի 22-29-ը Չինաստանում առաջին անգամ անցկացված Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարությունների միջև կնքվեց 2012-2016թթ. մշակութային համագործակցության պայմանագիր, ինչի արդյունքում էլ այսօրվանից կանցկացվեն պատասխան միջոցառումներ»,- նշեց նա` հավելելով, որ չինական պատվիրակությանը հետաքրքիր այցելություններ են սպասվում Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ:
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունն իր հերթին հավելեց, որ հայ-չինական բարեկամությունը 1992-ին է սկիզբ առել և տարեցտարի ջերմացել է: «Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի հայ և չինացի մշակույթի, արվեստի գործիչները սերտ կապեր հաստատեն, ճանաչեն միմյանց և համագործակցեն: Ինչ վերաբերում է կինեմատոգրաֆիային, ապա մոտ ժամանակներս կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի հայկական և չինական ֆիլմերի փոխադարձ փառատոններ անցկացվեն»,- ասաց նա:
Հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում անցկացվում է Չինաստանի մշակույթի օրեր, որին մասնակցում է Չինաստանից ժամանած պատվիրակությունը: Մշակույթի օրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թթ. միջև ստորագրված մշակութային համագործակցության մասին ծրագրի շրջանակներում:
Չինաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա 2012 թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Հանսեն» ազգային պարի խմբի մասնակցությամբ: Հյուրախաղերը կշարունակվեն Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 28-ին` ժամը 17:00-ին, և հոկտեմբերի 30-ին` ժամը 19:30-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Հոկտեմբերի 30-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մետաքսե ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը: