ԱՄՆ-նում ավարտվել է «դարի խարդախության» հետաքննությունը՝ հայաստանցին իրեն մեղավոր է ճանաչել: Գլխավոր գործող անձանցից մեկը հայաստանցի Դավիթ Միրզոյանը իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության, խարդախության և այլ հանցագործությունների մեջ, ասվում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազության կայքում:
Ըստ գերատեսչության, 2006-2010թթ. Դավիթ Միրզոյանը գլխավորեց խարդախների խմբավորումը, որը ԱՄՆ բյուջեից 163 մլն դոլար կարողացավ հափշտակել: Այդ գումարը փոխանցվել էր 118 կլինիկաների ծառայությունների դիմաց, որոնք իրականում գոյություն ունեին միայն թղթի վրա: Իրենց «աշխատանքի» դիմաց կուտակված հաշիվները հանցագործներն ուղարկել են պետական բուժապահովագրության Medicare հիմնադրամին:
2010թ. նոյեմբերին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ քրեական գործ են հարուցում 73 մարդու դեմ, որոնք կասկածվում են խարդախության մեջ, նրանց մեծ մասը հետագայում ձերբակալվեց: Պարզվեց, որ հանցավոր սխեմայի հեղինակներն հիմնականում հայաստանցիներ են, կային նաև ղազախստանցիներ, ուկրաինացիներ և ռուսաստանցիներ:
Իրենց մեքենայությունների համար նրանք օգտագործում էին իրական բժիշկների ու հիվանդների տվյալներ, որոնք ապօրինաբար էին ստանում: Վիրտուալ կլինիկաների ցանցը գտնվում էր 25 նահանգներում: Յուրաքանչյուրը գոյատևում էր մոտ երեք ամիս, հետո փակվում էր ու բացվում էր նորը;
Անմիջական ղեկավարությունը իրականցնում էր 44-ամյա օրենքով գող Արմեն Ղազարյանը (Պզո), որն արտագաղթել է ԱՄՆ 1996թ.: Որոշ տվյալներով, ԱՄՆ-ում Ղազարյանը ներկայացնում էր ԽՍՀՄ նախկին տարածքի ամենահեղինակավոր հանցավոր առաջնորդներից մեկին՝ Ասլան Ուսոյանին, որ ավելի հայտնի է Դեդ Խասան մականունով: Միրզոյանը ղեկավարում էր խմբավորման գործունեությունը Արևմտյան ափին:
Ղազարյանն ամբողջությամբ ճանաչեց իր մեղքը դեռ անցած տարվա աշնանը: Միրզոյանը նրա օրինակին հետևեց ուրբաթ օրը: Դատավճիռը կկայացվի եկող տարվա փետրվարին: Ըստ դատախազության, հանցավոր խմբավորման անդամին սպառնում է 75 տարվա ազատազրկում: