ԵԱՀԿ Գործող նախագահ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Յափ դե Հուփ Շեֆֆերը մտահոգություն է հայտնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Հայաստանում ստեղծված իրադրությամբ: Երեւանում ԵԱՀԿ ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, Յափ դե Հուպ Շեֆֆերը ընդգծել է, որ նախընտրական արշավի ընթացքում «կողմերից ոչ մեկը չպետք է դիմի բռնության կամ հակասահմանադրական գործողությունների»: Երկրորդ փուլից առաջ լարվածությունը նվազեցնելու նպատակով, նա կոչ է արել ազատ արձակել պատասխանատվության ենթարկված այն անձանց, որոնք նախընտրական արշավի ընթացքում բռնության չեն դիմել: ԵԱՀԿ Գործող նախագահը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել 1990թ. Կոպենհագենի Փաստաթղթով նախատեսված պարտավորությունները, որտեղ մասնավորապես, նշվում է, որ նախընտրական արշավը պետք է ընթանա «ազատ եւ արդար մթնոլորտում` առանց բռնության եւ վարչական գործողությունների կիրառման»: