AM
29 Հոկտեմբեր 2012 - 09:54 AMT

Կոմկուսի առաջին քարտուղարը սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին

Հայաստանն այսօր եռում է, բայց դա պղպջակների տեսքով է երևում: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի կանխատեսմամբ՝ պայթյունը կլինի մեկ ամսից, երբ սկսվի նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը: «Նախագահական ընտրություններին տեղի է ունենալու այն, ինչ տեղի է ունեցել այս 23 տարիների ընթացքում, նույն կերպով էլ գնալու ենք ընտրությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Թովմասյանը: Անդրադառնալով նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հարցին, նա ասաց, որ չի տեսնում դրա համար համապատասխան իրավիճակ: Ըստ նրա՝ ընդդիմությունը ընդդիմություն կոչվելու իրավունք չունի: Ռուբեն Թովմասյանը սա հիմնավորում է նրանով, որ ընդդիմությունը հայտարարում է, թե պատրաստ է այսօր համագործակցել անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Հանրապետական կուսակցության հետ: «Կամ ընդդիմություն ես, կամ՝ չես: Ես ժամանակին ճիշտ գնահատական եմ տվել, որ ՀԱԿ նշանակում է «Հայ ազգային կատակերգություն»»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը, Ռուբեն Թովմասյանը շատերի նման առաջարկում է սպասել այս կուսակցության առաջնորդի խոսքին: