«ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային կինոփառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքը կլինի ազատ, բացառությամբ բացման և փակման արարողությունների: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր Վերժ Քասունին: Նրա խոսքով փառատոնն այս տարի միջոցները խնայում է, որպեսզի հաջորդ` 5-րդ փառատոնն ավելի գեղեցիկ կազմակերպվի: Հետևաբար «ՌեԱնիմանիան» այս տարի աչքի չի ընկնի մեծաքանակ հյուրերով, փոխարենը որակ ցույց կտա, խոստացավ Քասունին:
Փառատոնն այս տարի համագործակցում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի, «Այբ» ավագ դպրոցի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի, Նարեկացի արվեստի միության հետ:
Այս տարի փառատոնում ներկայացված է 400 անիմացիա 42 երկրից: Ավանդական դարձած մրցութային ծրագրերին միացել է ևս մեկ` երաժշտական անվանակարգը:
Փառատոնն այս տարի կնշի ռուսական անիմացիայի 100-ամյակը, ինչպես նաև անիմացիայի հայ երախտավոր Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագիր կներկայացնի:
Հիշեցնենք, որ «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի նոյեմբերի 3-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը: