1875 թ. այս օրն է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը:
Իսահակյանը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Գրական գործունեությանը զուգահեռ՝ նա նաև ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել:
1899 – 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո խոշոր գրավով ազատվել է կալանքից: Պատերազմից և Եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել Հայոց ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ: 1936 թվականաին բանաստեղծը հաստատվեց հայրենիքում: Իսահակյանն ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ: 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր:






