Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Նյու Յորք – Երևան ջազ քառյակի համատեղ սիմֆո-ջազ նախագծի շրջանակում ջազային կատարմամբ կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում նշեց ջազ քառյակի անդամ Վահագն Հայրապետյանը, ջազային մշակմամբ կմատուցվեն նաև հայկական ժողովրդական երգեր, հայկական ջազ կատարումներ, Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը և այլն: «Սա բացառիկ հնարավորությունէ սիմֆոնիկ և ջազ երաժշտության համագործակցության, որը շատ մեծ ցանկության շնորհիվ է իրականացել»,- ասաց նա:
Հայազգի ջազմենը տեղեկացրեց, որ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հյուրախաղերի պետք է մեկներ և չէր կարողանա մասնակցել համերգին, ուստի որոշվեց հրավիրել Կարեն Դուրգարյանին: «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեկն է այն եզակի սիմֆոնիկ նվագախմբերից, որը շատ լավ յուրացնում և կարողանում է մատուցել ջազային երաժշտություն, և նրանց հետ համագործակցելը ինձ մեծ հաճույք է պատճառում: Նրանք շատ մեծ ներուժ ունեն, որը պետք է օգտագործել»,- իր հերթին նշեց դիրիժորը:
Ջազ քառյակի ամերիկյան անդամ Արի Ռոլանդն իր հիացմունքը հայտնեց այդ համագործակցության առթիվ` նշելով, որ նվագախումբը հրաշալի զգում և նվագում է ջազ: «Շատ մեծ ցանկություն ունեմ այս համագործակցության թիմով մեկնել հյուրախաղերի ԱՄՆ և այնտեղ ներկայացնել այս յուրահատուկ մշակումները»,- ասաց նա:
Քեյթ Բալանը, որը հարվածային գործիքներ է նվագում, շեշտեց, որ Հայաստանում երաժշտության շատ յուրահատուկ մշակույթ կա, և համերգն այդ մշակույթը բացահայտելու եզակի առիթ է:
Ջազի համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններից կհնչեն Չարլի Փարքերի «Just Friends», «Summertime» և այլ ստեղծագործություններ:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում






