AM
1 Նոյեմբեր 2012 - 12:49 AMT

Այսօր Երևանում ներկայացվեց Եթովպիայի հայ համայնքի մասին պատմող «Հաբեշական օրագիր» ֆիլմը

Այսօր Պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվել էր Արթուր Բախտամյանի «Հաբեշական օրագիր» ֆիլմի դիտումը: Այն պատմում է Եթովպիայի հայ համայնքի մասին, որը մեծ ազդեցություն է թողել այդ երկրի մշակութային կյանքի վրա:Ֆիլմի նկարահանումները սկսվել են մեկ տարի առաջ Եթովպիայում, որտեղ հայկական հին հետքեր կան:

Առաջին աշխարհամարտից և Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայ երեխաներ, որոնց առ այսօր անվանում են 40 որբեր, Երուսաղեմից գնացին Ադիս Աբեբա, և թագավորի հովանու ներքո կազմեցին Եթովպիայի կայսրական նվագախումբը, որը գործեց մինչև 50-ական թվականները:

«Մենք հանդիպեցինք այդ 40 որբերի ժառանգների հետ, որոնք շարունակում են մնալ Եթովպիայում, և անկախ ամեն ինչից, շատ ամուր, շատ լավ դիրքեր ունեն երկրում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արթուր Բախտամյանը:

Բախտամյանը նշեց, որ Եթովպիան մեր պատկերացումներից դուրս է: Այն լեռների գետերի, ծաղկած սարերի երկիր է:

Ըստ նրա, երկիրը շատ աղքատ է, բայց երբեք ինքը չէր տեսել այդքան երջանիկ մարդիկ:

Հեղինակն ասաց, որ առ այսօր պահպանվել է հայկական դպրոցը, եկեղեցին, համայնական կառույցներ, նաև հայերի վերադառնալու միտում կա:

Ադիս Աբեբայում Բախտամյանի տվյալներով 80-85 հայ կա: