AM
1 Նոյեմբեր 2012 - 12:58 AMT

Պատմության թանգարանում բացվել է «Նոր Ջուղա. հայոց տպագրության օրրան» ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Նոր Ջուղա. հայոց տպագրության օրրան» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ինչպես հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Մատենադարանի հավաքածուների բացառիկ բնօրինակներ, այդ թվում՝ Նոր Ջուղայում ստեղծված 17-րդ դարի ձեռագիր մատյաններ, 1638-1641 թթ. հրատարակված գրքեր, Նոր Ջուղայի հոգևոր կյանքին, մշակույթին, կենցաղին բնորոշ նմուշների ընտրանի: Ցուցադրված են Կալկաթայում տպագրված հնատիպ գրքերի նմուշներ և 1794 թ. Մադրասում հրատարակված հայերեն առաջին պարբերականը` «Ազդարարը»:

17-18 դդ. Նոր Ջուղան Իրանի, հետագայում նաև Հնդկաստանի հայերի հոգևոր-մշակութային կենտրոնն էր: 1638 թ.Սուրբ Ամենափրկիչ վանքի միաբանները` Խաչատուր Կեսարացու գլխավորությամբ, Նոր Ջուղայում ստեղծել են ինքնաշեն տպարան և 1638-1641 թթ. հրատարակել չորս հայերեն գիրք` «Սաղմոսարան», «Հարանց վարք», «Խորհրդատետր», «Ժամագիրք ատենի»: Նոր Ջուղայի հայկական տպարանը Իրանի և ողջ Միջին Արևելքի առաջին տպարանն էր:

18 դ. կեսերին Նոր Ջուղայից Հնդկաստան արտագաղթի արդյունքում Մադրաս է տեղափոխվել նաև հայկական տպագրությունը: