AM
2 Նոյեմբեր 2012 - 08:32 AMT

Բալետի պարողների փորձատեղի հարցը լուծվեց

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձատեղի հարցը լուծվեց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Հոկտեմբերին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ թատրոնում վերանորոգման պատճառով թույլ չեն տալիս փորձ անել, քանի որ վտանգավոր է:

Թույլ չեն տալիս նաև փորձասենյակներ գնալ: Ասել են, միջանցքում իրեր են դրված՝ կարող է գողություն լինի: Խառատյանը հանդիպել է մշակույթի նախարարի հետ, սակայն նա էլ ոչ մի ելք չէր գտել:

Խառատյանը նշեց, որ այդ հարցը կարծես թե լուծված է: Թատորնի պարողներին տրամադրել են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի փորձասրահը, որը թեև փոքր է, բայց իր նպատակին կարող է ծառայել: Նրանք այդտեղ փորձեր կանեն առաջիկա երկու ամիսների ընթացքում, մինչև վերանորոգումն ավարտվի: