AM
2 Նոյեմբեր 2012 - 14:50 AMT

Համայնքային բարիքների համտեսի փառատոնին 4 տաղավարներ լավագույնը ճանաչվեցին

Նոյեմբերի 2-ին Սիրահարների այգում անցկացվեց Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես: Միջոցառումը տեղի ունեցավ «Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողովի» շրջանակում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ «Counterpart International» քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքս Սարդարը, փառատոնը հետապնդում է երկու կարևոր նպատակ: «Նախ, այս տեսակ միջոցառումները միտված են հանրության լայն շրջանակներին ծանոթացնել զանազան համայնքների մշակույթին: Իսկ դրանից բացի, մենք մեծապես կարևորում ենք մարդկային շփումը, մարդկային հարաբերությունների սերտացումը, և, կարծես թե, մենք հասանք մեր նպատակին»,- ասաց նա:

Փառատոնն ամփոփում է ՀՀ 43 համայնքների հետ «Counterpart International»-ի կողմից իրականացվող քառամյա ծրագրի առաջին երկու տարվա աշխատանքները: Պատասխանելով PanARMENIAN.Net-ին թղթակցի այն հարցին` արդյոք նույնպիսի միջոցառում կկազմակերպվի նաև ծրագրի ավարտին` Ալեքս Սարդարը հաստատեց, որ 2 տարի անց ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները կամփոփվեն նմանատիպ փառատոնով:

Փառատոնի ավարտին տաղավարների ներկայացուցիչները շրջեցին միմյանց տաղավարներով, գնահատեցին և քվեարկեցին` որոշելու համար փառատոնի լավագույն տաղավարը: Քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվեցին 4 տաղավարներ` Գավառի, Լճաշենի, Սևանի և Ուրցաձորի: Այդ տաղավարների ներկայացուցիչներն իրավունք ստացան այցելելու Էջմիածին` «Հայ միասնության խաչ» գրասենյակ, որտեղ կծանոթանան համայնքային զարգացման յուրահատուկ մոդելի, ինչպես նաև հնարավորություն կունենան իրենց ընտրությամբ մասնակցելու զանազան վարպետության դասերի:

Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը քառամյա ծրագրի շրջանակում համագործակցում է Հայաստանի 43 քաղաքային և գյուղական համայնքների հետ: Համագործակցության ընթացքում պարզ դարձավ, որ համայնքները մի շարք առանձնահատկություններ ունեն թե' արհեստների, թե' խոհանոցի տեսակետից, ինչի արդյունքում էլ կազմակերպվեց փառատոնը, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց մրցակցային առավելությունները: Փառատոնի ժամանակ յուրաքանչյուր համայնք ուներ իր տաղավարը, որտեղ ներկայացրեց այն, ինչով առանձնանում է` ուտեստ, ձեռքի աշխատանք, պար: Անցկացվեցին նաև վարպետության դասեր. համայնքների ներկայացուցիչները սովորեցնում էին պատրաստել որևէ կերակուր, կամ ասեղնագործության, գոբելենի հմտություններ: Իսկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի պարային համույթը ներկայացրեց սասնա յարխուշտա պարը: